ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 29-ին, ցուցմունք տվեց Հանրային հեռուստաընկերության աշխատակից Տիգրան Սարգսյանը: Նա դատարանում նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Արման Հայրապետյանին, որն իր հետ աշխատել է հեռուստաընկերությունում:
Տիգրան Սարգսյանի խոսքով, հեռուստաընկերության շենք աշխատակիցները քարտերով են մտել, իսկ կողմնակի անձնաց համար` հատուկ թույլտվությամբ: Վկայի հարցաքննությունն այսքանով ավարտվեց:
Վկայի հարցաքննությունից հետո, ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը դիմեց դատարանին եւ հետաքրքրվեց` ինչու են այդ վկային կանչել եւ որն է նրա ցուցմունք տալու իմաստը. «Հարգելի դատարան, նույն ձեւով կարող եք տաքսու վարորդի, կամ մատուցողի կանչել ցուցմունք տալու»:
Դատարանում ցուցմունք տվեց նաեւ վկա Իշխան Քիշմիրյանը: Նա նշեց, որ ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ` ֆիլմ նկարահանելու նպատակով. «2015թ. մայիսին ինձ հետ կապվել է Արա Պողոսյանը եւ համագործակցություն է առաջարկել: Արթուր Վարդանյանի հետ ենք ծանոթացել, բոլոր զրույցները եղել են նախագծի ֆինանսավորման եւ նկարահանման վերաբերյալ: Պետք է «Երիտասարդ դիվանագետ» ֆիլմը նկարահանեինք, որի համար 20 հազար եվրո էր հարկավոր, նկարահանումները տեղի էին ունենալու Արեւմտյան Հայաստանում»:
Վկան նաեւ նշեց, որ Արթուր Վարդանյանը զրույցի ժամանակ նշել է, որ ցանկանում է ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա, բացի այդ դժգոհել է հայ դիվանագետների գործունեությունից` նշելով, որ դեսպանատները արտասահմանում կոռուպցիայով են զբաղված եւ ճիշտ դիվանագիտություն չեն կարող իրականացնել. «Արթուր Վարդանյանը նաեւ ուզում էր Արցախը Հայաստանին միացնելու հանրաքվե կազմակերպել»:
Վկաների հարցաքննությունն ավարտվեց, հաջորդ դատական նիստին կհետազոտվեն քրեական գործում առկա փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




























