«Այլընտրանքային նախագծեր խմբի» ղեկավար Էլինար Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, կոչ է անում Հայաստանում մեդալային մորատորիում հայտարարել: Հայտարարության մեջ ասված է.

«Պետական տոների առիթով ամեն անգամ մեծ թվով անձանց կոչումների, շքանշանների, մեդալի հանձնումը բուռն քննարկումների նոր ալիք է բարձրացնում։ Հնչող անհամաձայնությունները կարելի է բաժանել երկու խմբի՝

ա/ արժե արդյոք այդքան կոչում, մեդալ, շքանշան տալ,

բ/ այս կամ այն մարդն արդյոք արժանի էր դրան։

Մենք առաջարկում ենք՝ վեր կանգնել անձնական հարթությունից, չմտնել էթիկայի դաշտ, հարցը քննարկել ավելի լայն տեսանկյունից։ Տրված եւ տրվող կոչումների, մեդալների, շքանշանների քանակն անկախության տարիներին չափազանց մեծ է։ Սա օբյեկտիվորեն գցում է դրանց հարկը, արժեքը։

Ավելի պարզ՝ կոչումների ինդուստրիան ավելի մեծ է եւ աշխույժ, քան՝ ստեղծվող իրական արժեքները։ Հայաստանում այդքան մշակութային արժեք չի ստեղծվում, որ այդքան կոչումներ տրվեն։ Երբ մշակույթի, գիտության մարդու կոչումը ամրագրված չէ համապատասխան արժեքով, երբ կոչումը կապակցված չէ ստացողի ստեղծած մշակութային, գիտական եւ այլ ձեռքբերման հետ, այն արագ արժեզրկվում է։ Սա թերեւս ավելի կարեւոր է, քան կոնկրետ անձի քննարկումը՝ արժանի՞ էր, թե՞ ոչ։ Ես չգիտեմ՝ ով էր արժանի, ով՝ ոչ։ Ինձ իրավունք չեմ վերապահի մտնել այդ հարթություն։

Փաստը, որ Հայաստանում չեն ստեղծվում այդ քանակի մշակութային, գիտական արժեքներ, չկան մեդալների քանակին համարժեք ձեռքբերումներ, ակնհայտ է։ Խոսքը ժամանակակից աշխարհում մրցունակ արժեքների մասին է։

«Այլընտրանքային նախաձեռնություններ խումբը» ձեւակերպում է իր մոտեցումը եւ հանդես է գալիս հետեւյալ առաջարկությամբ.

1. Մենք անարդյունավետ ենք համարում հարցի քննարկումներն անհատական մակարդակով։ Բոլոր վերապահումներով հանդերձ՝ հարգանքով ենք վերաբերվում բոլոր գործիչների՝ արդեն իսկ կոչումներ, մեդալներ, շքանշաններ ստանալու փաստին։

2. Հաշվի առնելով, որ 2018-ի ապրիլից Հայաստանը լիովին անցնում է պետական կառավարման նոր համակարգի, մենք առաջարկում ենք օգտագործել պահը, օգտագործել նոր էջի հնարավորությունը եւ 2-3 տարով դադարեցնել կոչումների ամենտարյա հանձնումը՝ մինչեւ նոր օրենքի, նոր չափորոշիչների, նոր կարգի հաստատումը։

3. Մեդալների, շքանշանների կոչումների ժամանակավոր «մորատորիումի» ընթացքում բացառություն պետք է արվի միայն հայրենիքի պաշտպանության ժամանակ աչքի ընկածների եւ բացառիկ, անառարկելի հաջողության հասած անհատների համար»։