Երեւանում, սեպտեմբերի 29-ին, մեկնարկել է «Կարեւոր է յուրաքանչյուրը» միջազգային երիտասարդական ֆորումը։ Արդեն վեց ամիս է, ինչ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Կարեւոր է յուրաքանչյուրը» Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդների զորացման ծրագիրը։
Ծրագիրը խթանում է ՀՀ մարզերի գյուղական եւ քաղաքային համայնքներում բնակվող 16-25 տարեկան երիտասարդների կարողությունների զարգացումը, ինչպես նաեւ բարձրացնում է աշխատաշուկայում, ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրերում եւ հանրային կյանքում նրանց մասնակցության եւ ներգրավվածության հնարավորությունները։
«Կարեւոր է յուրաքանչյուրը» ծրագիրը հաջողությամբ իրականացվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի եւ Ուկրաինայի 15 գյուղական համայնքներում՝ բարելավելով ավելի քան 400 երիտասարդների կենսական պայմանները։ Ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային երիտասարդական ֆորումի նպատակն էր ծրագրի գործունեության ամփոփումը եւ ծրագրի ընթացքում իրականացված երիտասարդերի հարցման, երիտասարդական աշխատողների հետ քննարկումների արդյունքում մշակված մեթոդաբանական ձեռնարկի եւ առաջարկությունների փաթեթի ներկայացումը՝ ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թթ. Ռազմավարության մշակմանն ընդառաջ։
Ֆորումի բացմանը արարողությանը ելույթ ունեցան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդության քաղաքականության վարչության Համագործակցության եւ վերլուծության բաժնի պետ Մարինե Սարգսյանը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանը, ինչպես նաեւ Հայաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ։




























