Չնայած անկախության հանրաքվեից հետո Իրաքյան Քուրդիստանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին, Հայաստանը չի դադարեցրել ավիաթռիչքները դեպի Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ: ժամեր առաջ «Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռը Երեւանից ուղեւորվել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք, հաղորդում է «Ազատությունը»:
Նշենք՝ պաշտոնական Բաղդադը զգուշացրել էր, որ եթե մինչեւ ուրբաթ Էրբիլի եւ Սուլեյմանիեի օդակայանները չանցնեն երկրի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ, ապա Բաղդադը կարգելափակի մուտքը Իրաքյան Քուրդիստանի օդային տարածք: Տարծաշրջանի մի շարք երկրներ՝ Թուրքիան, Իրանն ու Լիբանանն արդեն հայտարարել են, որ հետեւելու են Բաղդադի որոշմանը եւ կասեցնելու են դեպի Քուրդիստան ավիաթռիչքները:
Մինչդեռ, ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց այս տարվա հունիսից շաբաթը մեկ անգամ Երեւանից դեպի Էրբիլ չվերթներ իրականացնող՝ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը, իրենց չվացուցակներում այս պահին որեւէ փոփոխություն չի կատարվել: Ուշագրավ է, որ Երեւանից դեպի Էրբիլ չվերթները սովորաբար իրականացվում են շաբաթ օրերը, սակայն, ինչպես նշեց «Արմենիայի» փոխտնօրենը, թռիչքն իրականացրել են մեկ օր շուտ, այսինքն՝ այսօր:
«Մենք որեւէ դիմում չենք ստացել եւ այս պահին չվերթների մեջ, չվացուցակի մեջ որեւէ փոփոխություն չկա, այսինքն՝ ամեն ինչ ընթանում է ծրագրվածի նման: Ժամը 13:30-ին չվերթն իրականացվել է»,- ասաց Գեւորգ Խաչատրյանը:
Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հոհվաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ քանի դեռ Իրաքայն Քուրդիստանի օդային սահմանը փակելու հետ կապված վերջնական որոշում չկա, ապա Երեւանից դեպի Էրբիլ չվերթները շարունակվելու են: «Եթե օդային սահմանը փակ լինի, բնականաբար, որոշում կկայացվի՝ շարունակե՞լ թռիչքները, թե ոչ: Եթե նոր տեղեկություններ լինեն, կփոխանցենք: Ամեն դեպքում՝ ավիաընկերությունն ինքը նաեւ պետք է որոշի: Այս պահի դրությամբ իրենք շարունակում են [չվերթները]»,- ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:




























