ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության:
Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում նկարահանում կատարելու ժամանակ մի խումբ անձինք թիրախային հարձակում են գործել նրա վրա, բռնություն գործադրելով գցել գետնին եւ խլել հեռախոսը:
Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լոռի TV-ի խմբագիր Նարինե Ավետիսյանը հայտնել էր, թե սՍեպտեմբերի 28-ի երեկոյան բռնություն է կատարվել իմ նկատմամբ` մասնագիտական գործունեության ընթացքում: Նրա խոսքով, ինքը փորձել է լուսանկարել, թե ինչպես են հորդառատ անձրեւի տակ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: «Ես գնացի այնտեղ, դեռ մի քանի լուսանկար էի արել ու միացրել տեսախցիկը, երբ գազանաբար ինձ վրա հարձակվեց «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյան»,- հայտնել էր Նարինե Ավետիսյանը եւ նշել, որ դիմել է ոստիկանություն:




























