Բոլոր երկրները պետք է մտածեն հիբրիդային պատերազմի ազդեցությանը դիմակայելու մասին։ Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը  «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով Երեւանում անցկացված ՀԱՊԿ միջխորհրդային լսումների շրջանակում։

Նրա խոսքով՝ «հիբրիդային պատերազմ» տերմինն առաջացել է 2005-ին ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության փաստաթղթերում։ «Ամբողջ իմաստն այն է, որ զուտ ռազմական ուժի կիրառումից բացի կան հակառակորդի վրա ազդելու այլ հնարավորություններ ու մեխանիզմներ՝ տնտեսական, դիվանագիտական, հոգեբանական։ Այսօր հիբրիդային պատերազմը կարեւոր է ոչ միայն միջպետական հարաբերություններում, այլեւ հակամարտությունների ընթացքում»,- նկատեց Խոսրով Հարությունյանը։ Հիբրիդային պատերազմը, շարունակեց պատգամավորը, ենթադրում է բավականին բարդ տեխնոլոգիաներ։ «Ու ցանկացած երկիր իր անվտանգության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար պարտավոր է մտածել սեփական անվտանգության համակարգի կատարելագործման, իմունային առանձնահատկությունների բարելավման մասին, որպեսզի կարողանա արդյունավետ դիմակայել հիբրիդային ազդեցությանը»,- հավելեց Խոսրով Հարությունյանը։