Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժեւորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաեւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
«Նախքան զորակոչվելս, կարելի է ասել, պատկերացում չունեի դիրքերի ու դիրքապահի ծառայության մասին: Գալով դիրքեր եւ կատարելով Հայրենիքի պաշտպանի գործը` սկսել եմ ավելի կարեւորել «Հայրենիք» հասկացության արժեքն ու էությունը: Չնայած դժվարություններին` մենք գիտակցում ենք մեր գործի կարեւորությունը ամբողջ ազգի հարատեւման հարցում: Հենց այդ գիտակցումն է պատճառը, որ մեզանից ոչ մեկը չի տրտնջում եւ ցանկացած պահի պատրաստ է հակառակորդին արժանի հակահարված հասցնել»,- նշում է մեր զրուցակից եֆրեյտոր Գ. Փիրոեւը` հավելելով, որ այդ գործում իրեն օգնել եւ ունեցած փորձը փոխանցել են հրամանատարներն ու ավագ ընկերները:
Եֆրեյտոր Գարիկ Ծերունի Փիրոեւը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Արզնի գյուղում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջի ծրագրավորման բաժնում եւ 4-րդ կուրսից զորակոչվել զինծառայության:
Ինչպես յուրաքանչյուր բնագավառում` դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում եւս եֆրեյտոր Փիրոեւը կարեւորում է կարգապահությունն ու միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Ինչ վերաբերում է վտանգավորությանն ու վախի զգացողությանը, ապա դա ժամանակի ու գիտակցության խնդիր է: Բոլոր դեպքերում, ինքն անձամբ դիրքերում ծառայելը նախընտրում է մշտական տեղակայման վայրում ծառայելուց, որը դարձել է երկրորդ օջախը: «Չնայած վտանգավորությանն ու պատասխանատվությանը, ես անձամբ նախընտրում եմ դիրքերում ծառայությունը: Մենք մեզ այստեղ ավելի ազատ ենք զգում, ավելի արժեւորված մեր կատարած գործում: Պետք է ասեմ, եւ կարծում եմ` դիրքապահներից շատերն էլ համամիտ են կարծիքիս, որ ժամանակի ընթացքում դիրքը, իրոք, դիրքապահի համար երկրորդ օջախ է դառնում: Եվ ինչպես մեր օջախը կպաշտպանենք, այնպես էլ պատրաստ ենք դիրքը պահել ու պաշտպանել: Իսկ դրա համար, ինչպես նաեւ վտանգի չեզոքացման նպատակով, պետք է ամենայն լրջությամբ կատարենք սեփական պարտականությունները, որպեսզի կարողանանք ժամանակին հավաստանշել հակառակորդի տեղաշարժը եւ ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր:
Փորձը ցույց է տալիս, որ եթե յուրաքանչյուրը ճշտությամբ կատարի իր պարտականությունները, ապա հակառակորդը կձախողվի իր մտադրություններում: Դա են ապացուցում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձերն ու ապրիլյան մարտական գործողությունները: Ճիշտ է, ապրիլյան գործողությունների ժամանակ ես դիրքերում չէի` նոր էի զորակոչվել ծառայության, բայց գիտեմ, թե ինչպես են ավագ ընկերներս կռվել, ձախողել հակառակորդի մտադրությունները, պաշտպանել այս դիրքը եւ հենց այս դիրքում կործանել նրանց ուղղաթիռը: Այս ամենը մեզ լրացուցիչ ուժ է տալիս, պարտավորեցնում ավելի պատասխանատվությամբ կատարել մեր պարտականությունները»,- մեզ հետ զրույցում ասաց եֆրեյտոր Փիրոեւը` կատակով ավելացնելով, որ, ինչպես ասում են, մենք հայ ենք եւ ոչնչից չենք վախենում, իսկ դժվարություններն ու խնդիրները հաղթահարելը պարզապես յուրաքանչյուրի առօրյայի մասնիկն է:




























