Պարոն Ալավերդյան, ինչպիսի՞ն է հարկերի հավաքագրման վիճակը, -բարելավում կա՞:
Որոշակի բարելավում կա: Եթե համեմատենք տարվա սկիզբը և կիսամյակի արդյունքները, ապա կտեսնենք դրական միտումը: Ասեմ, որ տնտեսական ճգնաժամը հարկահավաքման գործընթացի վրա իսկապես ազդեցություն ունեցավ և, բնական է, այդպես էլ պետք է լիներ: ՀՆԱ-ն 7 ամիսների արդյունքներով նվազեց 18.5%-ով, և դա հիմնականում այն ոլորտներում, որոնք մեզ համար հարկման տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում, հարկահավաքման առումով արդյունավետ ոլորտներ են: Դրանցից կարելի է նշել շինարարությունը, շինանյութերի ներմուծումը և վաճառքը, շինանյութերի արտադրությունը և իրացումը, հանքահումքային ոլորտը: Ընդհանրապես` ներմուծման մեծ շղթան, որից կառանձնացնեի ավտոմեքենաների ներմուծումը: Շատ թերահավատներ էլ կային, որ կարծում էին, թե չի հաջողվի այս մակարդակի հարկեր հավաքել: Բայց պատկերացրեք, որ եթե հարկահավաքման գործընթացը ձախողվեր, ինչպիսի պարտքեր կգոյանային պետական բյուջեից սնվող սուբյեկտների մոտ, կառաջանային փոխադարձ պարտքեր ու այդ շղթան ավելի կխորացներ տնտեսական ճգնաժամը: Սակայն հարկահավաքման գործող մակարդակը թույլ տվեց պետական բյուջեով սահմանված հիմնական խոշոր ծախսերը կատարել, պարտքեր չառաջացնել, վճարումները ժամանակին կատարել, նպաստներ ու կենսաթոշակներ վճարել և զերծ մնալ հասարակական դժգոհություններից:
Մենք ֆինանսական ճգնաժամի հետևանքները, կարելի է ասել, արժանավայել դիմավորեցինք և ճանապարհեցինք: Հուսով եմ, որ համաշխարհային տնտեսությունում, հատկապես զարգացած երկրներում նկատվող տնտեսական ակտիվության միտումները կտեղափոխվեն զարգացող երկրներ, այդ թվում` մեր երկիր և տնտեսական անկմանը կհաջորդի կայունացման ժամանակահատված: Եթե տնտեսական անկման ժամանակահատվածում կարողացանք հարկեր հավաքագրել, այդ թվում` ստվերային շրջանառությունների հաշվին, ուրեմն ավելի լավ ցուցանիշներ կունենանք աճի փուլում: Այնպես որ մենք բավականին լավատես ենք և վերջին 2 ամիսների ցուցանիշները հաստատում են մեր լավատեսությունը:
Տեսակետ կա, որ ճգնաժամի պայմաններում վարչարարության խստացումը վտանգավոր է տնտեսության համար: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
Մենք խելացի վարչարարություն իրականացրեցինք: Անցյալ տարվա օգոստոսին փաթեթ ընդունվեց՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման հետ կապված, որը վարչարարական լծակների ազդեցությունից ազատեց ՓՄՁ-ին: Թվարկեմ մի քանի առավելություններ: Այս տարվա հունվարի 1-ից փոքր և միջին ձեռնարկությունները կարող են ավելի քիչ հաշվետվություններ ներկայացնել, կամ ընդհանրապես չներկայացնել: Նրանք սկսեցին գերազանցապես ավելացված արժեքի հարկ չվճարել, պարտադիր սոցիալական վճարների գծով հաշվետվությունները ամսեկանի փոխարեն եռամսյակային տալ: ՓՄՁ-ն ազատվեց չափագրումների ամբողջ այդ շղթայից և առաքումների ու հասույթների գրանցման գրքերի վարումից: Այսինքն` ՓՄՁ-ին վարչարարական ազատություն տվեցինք: Այնուհետև, ընդունվեց կառավարության որոշում` այդ սուբյեկտների մոտ ստուգումների սահմանափակման նպատակով, և այս ամենի արդյունքում ես համոզված ասում եմ, որ փոքր և միջին բիզնեսը վարչարարական հարվածներ չունեցավ, որը կխորացներ ճգնաժամի հետևանքները: Ահա թե ինչու կարծում եմ, որ լրացուցիչ վարչարարական միջոցառումներ չենք կիրառել, սակայն աշխատանքի տեղաբաշխում ենք իրականացրել, տնտեսական մեխանիզմներ կիրառելով` աշխատել ենք շրջանառությունները բերել հարկային դաշտ: Նաև հասցեական աշխատանք ենք տանում ոլորտային մի շարք կազմակերպությունների հետ, որի արդյունքում մեզ հաջողվել է ապահովել հարկերի անհրաժեշտ մակարդակ, հատկապես հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին:
Կառավարությունը վերստին ԱԺ է ներկայացրել հարկային փաթեթը: Ի՞նչ իրական փոփոխություններ եք կատարել եւ արդյո՞ք սպասում եք լուրջ բանավեճ ԱԺ-ում:
Հարկային փաթեթը ներկայացրել է ֆինանսների նախարությունը, թեեւ մենք, իհարկե, շահագրգիռ կողմ ենք: Փաթեթում ամեն ինչ չէ, որ այնպես է, ինչպես մենք կուզեինք՝ որպես հարկային մարմին: Կառավարություն-ԱԺ քննարկումների արդյունքում լուրջ լրամշակման է ենթարկվել փաթեթի այն հատվածը, որ հատկապես վերաբերում է հարկային ներկայացուցիչների ինստիտուտին և ենթաակցիզային ապրանք արտադրողների հարկային պահեստների ռեժիմներին: Կցանկանայի ասել, որ բոլորը ուշադրությունը կենտրոնացրել են հարկային ներկայացուցչի ինստիտուտի վրա, այնինչ այդ փաթեթում շատ հետաքրքիր խնդիրներ կան՝ կապված ավելացված արժեքի հարկի փոխադարձ ստուգումների համակարգի ներդրման եւ շահութահարկի տուգանքների կիրառման հետ: Սակայն հասարակության ուշադրությունը բևեռվեց հարկային ներկայացուցիչների ինստիտուտի վրա: Իսկապես էլ նպատակահարմար չհամարվեց տնտեսական ճգնաժամի ու դրան հաջորդող ժամանակահատվածում ավելի մեծացնել հարկային աշխատողների շնչառությունը տնտեսվարող սուբյեկտների մոտ: Սահմանափակվել է նրանց ներկայությունը, ապահովվել են այնպիսի պայմաններ, որ արտադրական գործընթացի վրա հարկային աշխատողները ազդեցություն չունենան: Հարկային աշխատողները իրենց ներկայությունը հիմնավորում էին ստվերային տնտեսության ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությամբ, մասնավորապես, ապրանքների ծավալների ու գների արժանահավատության ստուգման անհրաժեշտությամբ, իսկ տնտեսվարող սուբյեկտները իրենց առարկությունները հիմնավորում են արտադրության գործընթացում հարկային մարմինների բացակայության անհրաժեշտությամբ: Արդյունքում, 2 կողմերը իրար լսեցին, փոխադարձ զիջումներ կատարեցին, հատկապես արտադրողների շահերը պաշտպանելու նպատակով փաթեթը լուրջ փոփոխությունների ենթարկվեց, և մոտ օրերս երկրորդ ընթերցման տարբերակով կներկայացվի ԱԺ քննարկմանը:
Սամվել Ադամյան




























