ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության  բնության պահպանության գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելչի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` փոխնախարարը կարեւորել է այն առաքելությունը, որով խումբը ժամանել է Հայաստան եւ ինչը մեծապես կնպաստի Չեխիայի հետ Հայաստանի ստորագրած համագործակցության հուշագրի կոնկրետ դրույթների կատարմանը: Խ. Հակոբյանը  հիշեցրել է, որ փաստաթղթում ամրագրված էին գործողություններ 2017-18 թվականների համար, որոնցով հստակ քայլեր են նախանշված բնության հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության պահպանման եւ էկոտուրիզմի ոլորտներում:

Չեխիայի Հանրապետության  բնության պահպանության գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելչը նշել է, որ բարձր են գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները հատկապես բնապահպանության ոլորտում:

Բնապահպանական ոլորտի պատասխանատու գերատեսչությունների համագործակցության հիմնական նպատակը փորձի փոխանակումն է եւ կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանության արդյունավետության բարձրացմանը: Դեսպան Պետր Միկիսկան տեղեկացրել է, որ Ֆրանտիշեկ Պելչի ղեկավարած աշխատանքային խումբը նախատեսում է լինել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում եւ «Դիլիջան» ազգային պարկում` տեղում ծանոթանալու պահպանման ռեժիմներին, կառավարման ծրագրերին, ինչին կհաջորդի համագործակցության կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը: Կողմերը  պայմանավորվել են հանդիպել  հաջորդ շաբաթ` քննարկելու մարզային այցելությունների արդյունքները: