Շատ գիտնականներ Հայաստանից հեռանում եմ ցածր աշխատավարձերի պատճառով։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հոկտեմբերի 13-ին, նման հայտարարություն է արել Կրթության ու գիտության նախարարության գիտության հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանը։
«Եթե ես հնարավորություն ունենայի 5 հազար դոլար վճարել ամսական, նրանք չէին հեռանա։ Այս խնդիրը կա շատ երկրներում, մարդկանց բարձր աշխատավարձ են առաջարկում, դրա համար էլ նրանք արտագաղթում են։ Բայց կա նաեւ այլ խնդիր՝ ինչպես պահպանել այդ մարդկանց հետ կապն ու օգտագործել նրանց հնարավորությունները, որպեսզի հետագայում, երբ մեր երկրում իրավիճակը բարելավվի, մենք կարողանանք նրանց նորից Հայաստան վերադարձնել»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչ որոշակի քայլեր է ձեռնարկում կառույցը գիտնականների արտագաղթը կանգնեցնելու համար։
Հարությունյանի խոսքով՝ իրենց հաստատությունն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, մասնավորապես տեղեկացնում է մրցույթների մասին, առաջարկում արտասահմանցի խորհրդական ունենալ; 300 նման ծրագրերից 100-ն ունեն արտասահմանյան խորհրդականներ։ «Նրանցից շատերը հենց հայեր են, նրանք նախկինում մեզ մոտ են աշխատել, իսկ այսօր արտասահմանում են ապրում։ Եթե այդ մարդկանց Հայաստանում պահելու հնարավորություն չկա, ապա նրանց հետ պետք է գոնե կապ պահպանել»,- ամփոփեց Գիտության հարցերով պետական կոմիտեի ղեկավարը։




























