Ձեւավորված բարի սովորույթի համաձայն, Երեւանի օրվան նվիրված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ, լվացվում ու պատշաճ տեսքի են բերվում նաեւ մայրաքաղաքային անցուդարձի լուռ վկաները` Երեւանի արձանները (ֆոտոռեպորտաժ):
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հերթական անգամ այս կարեւոր ու շնորհակալ պարտականությունն իրենց վրա էին վերցրել Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն ու բազմաթիվ երիտասարդ կամավորներ:
ՀՀ ԱԻՆ Երեւանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ու հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողների աջակցությամբ, երիտասարդներն իրենց բնորոշ խանդավառությամբ եւ նվիրումով լվացել ու պատշաճ տեսքի են բերել մայրաքաղաքի բազմաթիվ արձաններ:
Երիտասարդների շնորհակալ գործին հիացմունքով հետեւող անցորդներից շատերն արդարացիորեն նկատել են, որ Սիրո քաղաք Երեւանի արձաններն անգամ սիրո պակաս չունեն, եւ Երեւանում արդեն ամեն ոք ու ամեն ինչ պատրաստ է 2799-ամյա սիրելի քաղաքի տոնը լիարժեք տոնախմբելուն:




























