Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՅՈւՆԵՍԿՕ-ն համարում է «հակաիսրայելական եւ հակասեմիթական» որոշումների ընդունման հարթակ՝ հաստատելով ԱՄՆ-ի հետ կազմակերպությունից դուրս գալու մտադրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2019 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին ԱՄՆ վարչակազմի հայտարարությունից հետո Նեթանյահուն հինգշաբթի ԱԳՆ-ին կարգադրել է սկսել Իսրայելի դուրս գալու նախապատրաստությունը:
«ՅՈւՆԵՍԿՕ-ն հարթակ է դարձել հակաիսրայելական եւ ըստ էության՝ հակասեմիթական խելահեղ որոշումների համար: Մենք հուսով ենք, որ կազմակերպությունը կփոխվի, սակայն դրա վրա խաղադրույք չենք կատարում: ՅՈւՆԵՍԿՕ-ից դուրս գալու իմ կարգադրությունն ուժի մեջ է, եւ մենք կընթանանք այն իրականացնելու ուղղությամբ»,- ասել է Նեթանյահուն կառավարության ամենշաբաթյա նիստի ժամանակ:
Իսրայելը ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ լարված հարաբերություններ ունի, որտեղ պարբերաբար վիճարկվում է Երուսաղեմի պատմական կենտրոնի եւ հրեական պատմության ու ավանդույթների համար նշանակալի Հորդանանի Արեւմտյան ափի վրա Իսրայելի վերահսկողության իրավաչափության հարցը: Բանաձեւերից հերթականով, որոնք ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, կազմակերպությունը Իսրայելին օկուպանտ տերություն է անվանում, իսկ նրա իրականացրած պեղումները եւ այլ աշխատանքները դատապարտում է որպես միջազգային իրավունքի խախտում:




























