Ձուն ամբողջ աշխարհում էլ ամենաշատ սպառվող մթերքներից է։ Ամանորի նախօրեին ձուն ամենապահանջարկված մթեքներից է, եթե հաշվի առնենք հրուշակեղենի նկատմամբ պահանջարկի էական աճը։
Եթե ձուն թանկանա, հնարավոր են թանկացումներ այլ սննդատեսակների գծով։ Առայժմ երեւանյան խանութներում ձվի գինը շատ թե քիչ կայուն է հիմնականում Լուսակերտի թռչնաֆաբրիկայի կայուն գնային քաղաքականության շնորհիվ։ Ընկերությունն, ինչպես եւ խոստացել էր, չի փոփոխում փոքր եւ միջին չափի ձվերի գինը, որոնք մանրածախ ցանցում վաճառվում են հատը 50 դրամով։
Այս քաղաքականության հետեւանքով մյուս թռչնաֆաբրիկաները ստիպված են նույնպես կայուն պահել ձվի գինը։ Այսպես՝ «Աշտարակ ձու» ընկերությունը փորձեց 5 դրամով թանկացնել ձուն, սակայն այս օրերին նորից վերադարձել է նախկին գնին։
Հիշեցնենք, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը հրապարակավ խոստացել է այս տարի այլեւս թանկացում չիրականացնել։
Նկատենք, որ Ռուսաստանում ձվի մանրածախ գինը տատանվում է հատը 30-35 դրամի սահմաններում, ընդ որում՝ այդ գինն աճել է երաշտի ժամանակ հավերի անկման պատճառով։
Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել Ուկրաինայի ձվի շուկայում։ Հակամենաշնորհային կոմիտեի Դոնեցկի մարզային ստորաբաժանումը տուգանել է մի քանի թռչնաֆաբրիկաների՝ հակամենաշնորհային համաձայնության համար՝ գները բարձրացնելու նպատակով։ Արդյունքում՝ ընկերությունները նվազեցրել են ձվի մեծածախ գինը, որը տատանվում է 20-25 դրամի սահմաններում՝ 1 հատի համար։





























