Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը 20 հազար եվրոյի պարգեւ է խոստացել ցանկացած տեղեկության համար, որը կօգնի հայտնաբերել մալթացի լրագրող Դաֆնի Կարուանա Գալիցիայի սպանության պատվիրատուներին, փոխանցում է Gazeta-ն:  

«Ես զայրույթով տեղեկացա, որ մալթացի հետաքննող լրագրող, բլոգեր Դաֆնի Կարուանա Գալիցիան այսօր իր տնից ոչ հեռու սպանվել է ավտոմեքենայի մեջ դրված ռումբով: Ես 20 հազար եվրոյի պարգեւ եմ խոստանում տեղեկության համար, որը կբերի նրան սպանողներին մեղավոր ճանաչելուն»,- նշել է նա «Թվիթերում»:

Նախօրեին լրագրող եւ բլոգեր Դաֆնի Կարուանա Գալիցիան զոհվել է սեփական տան կողքին իր ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով:

Նա վերջին շրջանում հետաքննում էր Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթի եւ նրա 2 մերձավոր օգնականների կապը պանամական դոսյեի, անձնագրերի վաճառքի եւ Ադրբեջանի իշխանություններից գումար ստանալու հետ: