Լեհաստանը պաշտպանում է ԵՄ–ին Թուրքիայի անդամակցությունը, միության համար կարեւոր է այդ երկրի ռազմական եւ տնտեսական ներուժը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նշենք, որ Էրդողանը երեքշաբթի այցելել էր Վարշավա։
«Հուսանք, որ Թուրքիան կանդամակցի ԵՄ–ին։ Թուրքիան վաղուց է ջանքեր գործադրում ԵՄ անդամակցության համար եւ սպասում է դրան»,– ասել է Դուդան։
Նրա խոսքով՝ Թուրքիան ԵՄ–ի համար շատ կարեւոր գործընկեր է անվտանգության տեսակետից։ «Դա ոչ մեկին պետք չէ բացատրել»,– ասել է Լեհաստանի նախագահը՝ հավելելով, որ ԵՄ–ի համար կարեւոր է Թուրքիայի ռազմական եւ տնտեսական ներուժը։
Դուդան նաեւ նշել է, որ Անկարան կատարում է ԵՄ–ի առաջ իր պարտավորությունները։



























