Հիփոթեքային վարկավորման ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգի առաջատար դիրքերում  գտնվող Կոնվերս Բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը եւ երկարաձգելով ժամկետը:

«Կոնվերս Բանկը կարեւորում է երիտասարդ ընտանիքների համար վարկավորման լավագույն պայմանների ստեղծումը, երիտասարդների համար հասանելի, մատչելի պրոդուկտների գործարկումը՝ պարբերաբար հանդես գալով շահավետ առաջարկներով: «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման տոկոսադրույքի վերանայմամբ բնակարանի ձեռքբերումը  հասանելի է դառնում ավելի մեծ թվով երիտասարդների»,- ասաց Կոնվերս Բանկի Վարկավորման բաժնի պետ Տարոն Հովսեփյանը:

Մասնավորապես, ծրագրի շրջանակներում  Բանկն առաջարկում է  առավելագույնը 17,5 մլն դրամի, մարման մինչեւ 20 տարի ժամկետով  վարկեր՝ Հայաստանի բանկային շուկայում ամենամրցունակ՝ 8,5 տոկոս տարեկանով  դրույքաչափով: Ըստ որում,  այդ տոկոսադրույքը կիրառվում է Հայաստանի ողջ տարածքում: Երեւանում  վարկավորման  տոկոսադրույքը սուբսիդավորվում է 2%, մարզերում՝ 4%-ով:

Զուգահեռաբար, Կոնվերս Բանկում վերանայվել է նաեւ «Ազգային հիփոթեքային ընկերության» ֆինանսավորմամբ իրականացվող  բնակարանային  միկրովարկերի  տոկոսադրույքը: Այն ներկայում  տարեկան 12 տոկոս է՝ նախկին 13-ի փոխարեն: