Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը խզել է, որովհետեւ բնապահպահանական նորմերը չեն պահպանվել: Բնապահպան Ինգա Զառաֆյանի խոսքով, PensionDenmark-ը լուրջ ընկերություն է եւ բնականաբար, չի ցանկանում, որ իր իմիջն այդ պատճառով ընկնի:
«Փաստորեն, ոչ մի բնապահպանական նորմ չի պահպանվել եւ անհասկանալի է իրենց համար, թե ինչու են այդ գումարը տրամադրել, եւ քանի որ լուրջ ընկերություն է, բնականաբար, չի ցանկանում, որ իր իմիջն ընկնի»,-ասաց նա:
Ինգա Զառաֆյանը նշեց, որ Թեղուտի հանքի շահագործմամբ իրականություն են դարձել այն ռիսկերը, որոնց մասին բնապահպաններն ի սկզբանե բարձրաձայնել են. անտառի մի մասը հատվել է, մոտակա այգիները չորացել են պոչամբարի արտահոսքի պատճառով:
«Ռիսկերը, որի մասին բնապահպանները ասում էին, հիմա իրականություն են դարձել. անտառը հատել են, ծառ չի մնացել, չնայած՝ ասում էին, որ ծառեր են տնկելու: Մենք ասում էինք, որ անտառ ենք կորցնելու, իրականություն դարձավ, մենք իրոք կորցրինք անտառը: Պոչամբարի արտահոսք է եղել եւ դրա հոսքի տակ մնացած այգիները ոչնչացել են, ծառերը չորացել են»,-ասաց Զառաֆյանը:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման հետագա ճակատագիրն անհայտ է, բնապահպանի խոսքով, հանքավայրի հետագա ճակատագիրը կառավարության ձեռքերում է:
«Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։
Իր պաշտոնական հաղորդագրության մեջ EKF-ը նշում է, որ վարկային համաձայնության խզման պատճառը «Վալեքս» ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է»։




























