Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Գինտս Ապալսին (նստավայրը՝ Վիեննա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Ապալսին նշանակման կապակցությամբ, գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների առնչությամբ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Լատվիայի նորանշանակ դեսպանը իր կարեւոր ներդրումը կունենա հայ-լատվիական համագործակցության առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ ԱԳՆ աջակցությունն է հայտնել դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:
Դեսպան Ապալսը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշել է, որ Լատվիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը: Գինտս Ապալսը հավաստիացրել է, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության զարգացման համար:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ապալսը մտքեր են փոխանակել երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման, Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:





























