Հայաստան–ԵՄ գործընկերության նոր համաձայնագիրը կստորագրվի։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ Երեւանում «Նորամուծություններն ու տարածքային զարգացումը՝ որպես «Արեւելյան գործընկերության» երկրների աճի գործոն» թեմայով գիտաժողովի ժամանակ, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։
Նրա խոսքով՝ ոչ մի լուրջ նախապայման չկա, որոնք կարող էին խանգարել այդ համաձայնագրի ստորագրմանը։ «Համաձայնագիրը թարգմանվել է 23 լեզվով։ Մնացած հարցերը տեխնիկական են։ Այսինքն՝ ԵՄ երկրներում համաձայնագրի նախագիծը պետք է համապատասխան միջպետական, միմյանցից տարբերվող ընթացակարգեր անցնի։ Մնում է բացառապես տեխնիկական հարցը, որեւէ այլ բան այստեղ փնտրել պետք չէ»,– ասել է Նազարյանը՝ հավելելով, որ ինքը չի կարող ԵՄ 23 անդամ պետությունների փոխարեն որոշում կայացնել։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ–ն ու Հայաստանը պատրաստակամություն են հայտնել ստորագրել այս համաձայնագիրը ամենաբարձր մակարդակով։ Բացի այդ, Նազարյանը վստահ է, որ 23 անդամ երկրների ոչ մեկը դեմ չի լինի այդ համաձայնագրին։




























