Այս տարվա ինն ամիսների ընթացքում արդեն, նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ, հարկային հավաքագրումը 9,4 տոկոսով կամ 74 մլրդ դրամով աճել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Նրա խոսքով, ստվերի կրճատման առումով  եւս առաջընթաց է արձանագրվել, սակայն ցուցանիշի մասին խոստացավ խոսել տարեվերջին: «Ստվերի կրճատման մասին կարող ենք խոսել: Երբ տարին ամփոփվի, կոնկրետ թվերով  կխոսենք: Հիմա խոսում ենք  տնտեսական աճի մասին 6 ամսվա կտրվածքով, իսկ հարկային հավաքագրումների մասով՝  ինը ամսվա կտրվածքով,  սրանք համադրելի մեծություններ չեն: Հավաքագրված եկամուտների մեջ մաս է կազմում նաեւ այն բաղադրիչը, որը ստվերի կրճատման արդյունքում է հավաքագրվել»:

Միրումյանը վստահեցրեց, որ պետական բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 135 միլիարդ  դրամի մասով թերակատարում չենք ունենալու. «Մենք մեր նախնական կանխատեսումներով ունենալու ենք այսքանը գերազանցող մեծություն: Սա առանց ավելացված արժեքի վերադարձի գումարի է հաշվում»:

Հարցին, թե ի վերջո ո՞ր տնտեսվարող սուբյեկտներն են ստվերում գործել, Միրումյանը պատասխանեց, որ անուններ փնտրել պետք չէ, այլ պետք է նայել վիճակագրությանը, որի համաձայն մանրածախ առևտրից վճարվող հարկերը մի քանի անգամ ավելի են, քան՝ խոշոր տնտեսվարող սուբյեկտներից հավաքագրվող հարկերը։

Դիտարկմանը, թե տնտեսագետ, պատգամավոր Վարդան Բոստանջյանը առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում կարագի, թանկացումը պայմանավորում է բյուջեն լցնելու հանգամանքով, ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց. «Ես չեմ կիսում այդ տեսակետը, որովհետեւ, եթե դուք նկատեք կարագի ներմուծման ծավալը ինչ մասնաբաժնով է եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ հարկային եկամուտների վրա, ակնհայտ է, որ բյուջեն հավաքագրելու առումով նման քայլ չէր կարող տեղի ունենալ: Մեր կատարած դիտարկումները ցույց են տալիս, որ դա արտաքին շուկայում գների բարձրացման արդյունք է»: