ԱՄՆ-ը պատրաստ է ընդլայնել աջակցությունը ՀՀ-ում անգլերենի դասավանդման գործընթացին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ռոբերտ Անդերսոնը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ դեսպանատան մշակութային կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Լեւոն Մկրտչյանն ընդգծել է, որ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի» նախագիծը նաեւ միջազգային կառույցների հետ ճկուն համագործակցության հնարավորություն կընձեռի՝ մասնավորապես լեզուների ուսուցման մեթոդաբանության, ուսուցիչների վերապատրաստման հարցերում: Այդ համատեքստում ԿԳ նախարարը կարեւորել է նման ձեւաչափի աշխատանքային հանդիպումները, որոնք առավել գործուն արդյունքներ են արձանագրում: Լեւոն Մկրտչյանը կարեւորել է նաեւ անգլերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման եւ անգլերեն լեզվի դասավանդման գործընթացի շրջանակում տրամադրվող ԱՄՆ դեսպանատան աջակցությունը:

Իր հերթին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենը, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, անդրադարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերում ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի նախագծին: Ռոբերտ Անդերսոնը պատրաստակամություն է հայտնել՝ ամրապնդել եւ ընդլայնել աջակցությունը մեր երկրում անգլերեն լեզվի դասավանդման եւ ուսուցիչների վերապատրասման գործընթացներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կրթության ոլորտին վերաբերվող ծրագրային եւ կազմակերպչական մի շարք հարցեր: