ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն այսօր՝ Ազգային ժողովում բարձրաձայնեց «Նաիրիտ» գործարանի հետ կապված խնդիրները՝ նշելով, որ գործարանի վերաբերյալ հարցում է ուղարկել կառավարություն, սակայն, էական պատասխան չի ստացել:
«Հարց եմ ուղարկել՝ որքա՞ն է կազմում գործարանի պարտքը, ինչ կառուցվածք ունի այդ պարտքը, արդյոք աճուրդով են վաճառում գույքը, որի հասույթով այդ պարտքը վճարելու են: Ստացել եմ կառավարությունից պատասխան, որը ոչ մի կապ չունի իմ հարցումների հետ, հետո կառավարությունը կասի՝ գրավոր հարցումներ ուղարկեք:
Կառուցվածքի մասին գրել են՝ թվով երկու, 3, 4 պարտքատեր, բայց ովքեր են պարտքատերերը, որպեսզի իմանանք՝ կառավարիչը իր հորեղբոր որդուն այդ փողերը վճարեց, թե կոնկրետ կազմակերպության, ում ռեալ պարտք էր: Կան կասկածներ, որ գործող սարքավորումները ջարդոնի գնով են վաճառվում, այս մասով էլ բան չեն ասում: Մենք սրանով հեռու չենք գնա, խորհրդարանական վերահսկողթյունը լրիվ կվերանա, պատգամավորի հարցին նման փնթի պատասխանը վերաբերմունք է Ազգային ժողովին: Եթե պատասխաններ չկան, կարող ենք պնդել, որ գործարանում կոնկրետ թալան է իրականացվում»,-ասաց նա:




























