Կուբայի պաշտոնական անձինք ԱՄՆ-ին մեղադրել են Հավանայում ամերիկացի դիվանագետների դեմ խորհրդավոր ակուստիկ հարձակումների հետ կապված զրպարտության մեջ: Տեղացի պաշտոնյաները, որոնք հետաքննում են միջադեպը, ամերիկյան կողմի պնդումները «գիտական ֆանտաստիկա» են անվանել, փոխանցում է Reuters:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հավանան պատասխանատվություն է կրում 24 դիվանագետների մոտ ակուստիկ հարձակումների պատճառով ծագած առողջական խնդիրների համար: Վաշինգթոնը հոկտեմբերի սկզբին արտաքսել էր կուբացի 15 դիվանագետների եւ Հավանայից հետ կանչել ԱՄՆ դիվանագետներից կեսին:
Կուբայի ՆԳՆ 3 աշխատակից եւ բժիշկը, որոնք զբաղվում են այս գործի հետաքննությամբ, ավելի մանրամասն տեղեկություններ են ներկայացրել: Քննությանը մասնակցում է մոտ 2 հազար անվտանգության աշխատակից, քրեագետ փորձագետներից մենչեւ աուդիոլոգներ եւ մաթեմատիկոսներ: Քննությունն առայժմ չի ավարտվել, սակայն մինչեւ հիմա չի հաջողվել որեւէ ապացույց գտնել, որոնք կհաստատեին հարձակումները, որոնց պատճառով, ԱՄՆ պնդումների համաձայն, ամերիկացի դիվանագետների մոտ առաջացել են լսողության կորուստ, գլխապտույտներ, հոգնածություն եւ կոգնիտիվ խնդիրներ: Նրանց խոսքով՝ սա ոչ այլ ինչ է, քան զրպարտություն: Վաշինգթոնի պաշտոնյաները համարում են, որ ակուստիկ զենք է կիրառվել: Սակայն կուբացի քննիչները ժխտում են, որ նման զենքը կարող էր օգտագործվել երրորդ անձանց կողմից՝ չազդելով այլ մարդկանց առողջության վրա կամ ուշադրություն չգրավելով: «Դա անհնար է: Մենք գիտական ֆանտաստիկայի մասին ենք խոսում»,- ասել է փոխգնդապետ Խոսե Ալազոն, որը ՆԳՆ քրեական հետախոզության բաժնի փորձագետ է: «Տեխնիկական տեսակետից այս փաստարկը կենսունակ չէ»,- հավելել է նա:
Քննիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ին են տրամադրել 14 ձայնագրություն, որոնք զոհերը լսել են հարձակման ժամանակ: Սակայն կուբացիների կարծիքով՝ ձայնագրություններում չկա այնպիսի բան, որը կարող էր մարդկանց առողջությանը վնաս հասցնել: Դրանք սովորական մեձքաղաքային ձայներ են՝ ինչպիսին են երթեւեկության, քայլերի եւ խոսակցությունների ձայները: «Մենք հարցումներ ենք կատարել հարեւանությամբ ապրող ավելի քան 300 մարդու, ինչպես նաեւ բուժաշխատողների, եւ ոչ մեկն այս մասին չի լսել»,- ասել է Ալազոն: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ դա եղել է ինֆրա- կամ ուլտրաձայն, որը մարդը չի լսում, դժվար է ասել, թե դա ինչպես կկարողանար աննկատ մնալ:
Վերջապես՝ ԱՄՆ-ի ներկայացրած տեղեկությամբ ենթադրվող 3 զոհից միայն 2-ն են լսողության հետ կապված խնդիր ունեցել, մինչդեռ ցանկացած ձայնային հարձակում պետք է համանման խնդիրներ առաջացներ մյուսների մոտ նույնպես:




























