Հայաստանի մաքսային ծառայության պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի գլխավորությամբ, աշխատանքային այց է կատարել Ֆինլանդիայի Հանրապետություն:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ֆինլանդիայի մաքսային ծառայության պաշտոնակիցների հետ հանդիպմանը քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագրի արդյունքները: Վերջինը Ֆինլանդիան եւ Լիտվան համատեղ Հայաստանում սկսել են իրականացնել 2012 թվականից: Դիտարկվել են նաեւ մաքսային ոլորտում երկու երկրների համագործակցության տարբեր ուղղությունների, մասնավորապես՝ համատեղ ուսումնական ծրագրերի, իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունքները:
Ուսումնասիրվել են Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանային անցման կետում գործառնական ընթացակարգերը եւ աշխատանքների կազմակերպման տեխնոլոգիական սխեման՝ ՀՀ սահմանային անցման կետերում միջազգային լավագույն փորձը ներդնելու նպատակով:
Սկանդինավյան այս երկիրը սահմանային հսկողության իրականացման եւ հսկողության բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանքի կազմակերպման մեծ փորձ ունի, ուստի Հայաստանի եւ Ֆինլանդիայի գործընկերները պայմանավորվել են շարունակական դարձնել հետագա համագործակցությունը:




























