Դավթաշեն-Աշտարակի խճուղի հատվածի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Այս մասին նշված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի շրջանակում ընթացքում են Երեւանի քաղաքապետարանի եւ Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ այս տարվա ապրիլին մեկնարկած Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները:
«Ճանապարհահատվածում մինչ այժմ կատարված աշխատանքներին տեղում ծանոթացել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Անցնելով ճանապարհի ամբողջ երկայնքով` նա իր դիտարկումներն ու դիտողություններն է ներկայացրել պատասխանատուներին: Այժմ այստեղ իրականացվում են ճանապարհի հողային պաստառի, երկմակարդակ հանգույցների հենապատերի եւ կամուրջների կառուցման, ինչպես նաեւ հաղորդուղիների` կենսապահովման ենթակառուցվածքների փոխարինման աշխատանքները:
«Երեւանի քաղաքապետարանը վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով էականորեն նպաստել է կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհն այս առումով եւս իր կարեւոր նշանակությունը կունենա եւ մաս կկազմի մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի: Ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Ավարտը նախատեսվում է 2018 թվականի տարեվերջին»,- նկատել է Վահե Նիկոյանը:
Անընդհատ երթեւեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթեւեկելի գոտի՝ 28 մետր լայնությամբ եւ շուրջ 5,4 կմ երկարությամբ: Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երեւանի արեւմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածն ուղիղ կապ կհաստատի Չավուշի փողոց-Աշտարակի խճուղի եւ Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջեւ եւ կապահովի անընդհատ երթեւեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթեւեկությունն ապահովելու նպատակով կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:
Ճանապարհը կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Շինարարության ընթացքում երթեւեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:




























