«Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը պնդում է, որ կառավարությունը «Նաիրիտի» հարցում տեղեկություններ չի տրամադրում, իսկ պատասխանները խուսափողական են։ Այդ մասին պատգամավորը նշել է Ազգային ժողովում, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։ Նա նշեց, որ կառավարությանը մի քանի հարցեր է ուղարկել, որքա՞ն է գործարանի պարտքը այժմ, եւ ինչ կառուցվածք ունի այն, քանի՞ աճուրդ է կայացել մինչ օրս, սնանկության կառավարչի կողմից, ի՞նչ բանակցություններ են ընթացել ԵՄ-Ասիա ֆինանսական բիզնես կորպորացիայի հետ, ի՞նչ տեղեկություններ կան 2009 թվականին չարաշահումների վերաբերյալ հարուցված քրգործով։ Պատգամավորը դժգոհեց, որ կառավարությունը ուղղորդել է «Ազդարար» համակարգ, որտեղ անհրաժեշտ տեղեկությունները չկան։
Պատգամավորի դիտարկմանը պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որը կրկին խուսափողական պատասխան տվեց, թե տեղեկատվությունը հասանելի է «Ազդարարում»։ Գորգիսյանը կրկին պնդեց, որ տեղեկությունների մի մասը դրված չէ։
«Կոնկրետ ո՞ւմ են վճարվել այդ գումարները, ի՞նչ չարաշահումներ են եղել։ Միգուցե գումարներ են տրամադրել սնանկության կառավարչի հորեղբոր որդուն։ Պետք է նշեն, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կան»,- ասաց նա։ Ի պատասխան, Վաչե Գաբրիելյանը խոստացավ կրկին դիմել էներգետիկայի նախարարին, որ տեղեկատվությունը տրամադրվի։




























