Վայոց ձորի Խաչիկ եւ Ելփին համայնքների ոռոգման ջրի խնդիրն առաջիկայում լուծում կստանա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում հարց ու պատասխան ժամանակ ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության Սերգեյ Բագրատյանի հարցին, թե երբ են պատրաստվում այդ երկու սահմանամերձ համայնքներին ապահովել ոռոգման ջրով:

«Խաչիկի հետ կապված խնդիրը Կառավարությունը փորձում է լուծել փոքր ջրամբարների կառուցման ծրագրի շրջանակում: Ֆինանսական լուծումը գտնված է, այդ ծրագրում ներառված է Խաչիկի եւ Ելփինի խնդիրը: 100 մլն դոլարի սահմաններում 10 ջրամբար է կառուցվելու եւ այս ծրագրում առաջինը հենց Խաչիկի ջրամբարն է կառուցվելու, նախագծման աշխատանքները կատարվում են ներկայումս»,- ասաց Դավիթ Լոքյանը:

Նախարարը նշեց, որ սահմանամերձ Խաչիկը Կառավարության ուշադրության կենտրոնում է եւ ինքն անձամբ երկու անգամ այս տարի այցելել է Խաչիկ եւ ծանոթացել համայնքի խնդիրներին: