Ազգային Ժողովում այս պահին քննարկվում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծը ներկայացնում է Միքայել Մելքումյանը:
«Բոլորս խոսում ենք այն մասին, որ պետք է մենաշնորհների, հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարել, բայց առաջընթաց չկա: Առաջին խնդիրն այն է, որ կարողանանք գերիշխող դիրքի կարգավիճակ ունեցող սուբյեկտների սահմանները ճշգրտել: Շուկայում, եթե երկու սուբյեկտ միասին ունեն 50 տոկոս, 1-2 տոկոս ունեցողը եւս հանգրվանում է գերիշխող դիրք ունեցողի կարգավիճակում: 14.486 խանութ ունենք, այս խանութներից մոտավորապես մի քանիսը կազմում են ամբողջ շրջանառության 47 տոկոսը, այսինքն՝ խոշորները թվով քիչ են, բայց շրջանառությունն ավելի մեծ է»,-ասաց նա:
Պատգամավորը նաեւ նշեց, որ հանրապետությունում սեպտեմբերից սկսած առաջին անհրաժեշտության ապրանքների կտրուկ գնաճի միտումներ կան. «Նախ պետք է նայենք, թե վաճառողներն ինչ շահութաբերություն ունեն, այսինքն՝ Մրցակցության հանձնաժողովի կարեւոր դերակատարությունն այն է, որ թանկացումների պահին գնա ու ֆիքսի՝ անհիմն շահույթ է, թե ոչ»:




























