Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանձնարարել է հրաման պատրաստել լատինական գրության հիման վրա ղազախերենի այբուբենի առաջարկված նախագծի հաստատման մասին, հայտնում է Tengrinews.kz-ն: 

Նախագիծը հաստատելու մտադրության մասին երկրի նախագահը հայտարարել էր իր աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Ջաքսիբեկովի եւ նրա առաջին տեղակալ Մարատ Թաժինի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահը նշել է ղազախերենի լատինատառ այբուբենի նախագծի վերջին տարբերակի քննարկումների ակտիվ բնույթի մասին եւ ընդգծել առաջարկված տարբերակի նկատմամբ հասարակական աջակցության առկայության մասին:

«Անհրաժեշտ է հրաման արձակել ղազախերենի լատինատառ այբուբենի առաջարկված նախագծի հաստատման մասին: Հանձնաժողովն իր աշխատանքն ավարտել է: Վերջին տարբերակը հրապարակվել է: Կոնսենսուս կա գիտնականների, լեզվաբանների, քաղաքական գործիչների, երիտասարդների, Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի միջեւ: Հասարակությունն ընդհանուր առմամբ աջակցում է»,- ասել է Ղազախստանի նախագահը: Նուրսուլթան Նազարբաեւը ուշադրությունը կենտրոնացրել է լատինական գրությանը ղազախերենի այբուբենի փուլային եւ համակարգային անցման կարեւորության վրա: