Ստամբուլում այն պահին, երբ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արք․ Գարեգին Բեքչյանը գտնվել է Գերմանիայում, պատրիարքարանի մի շարք հոգեւորականներ հանդիպել են Ստամբուլի նահանգապետի հետ։

ԻՆչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, հանդիպումից հետո արված հայտարարության մեջ նշվել է, թե պատրիարքի ընտրությունների նկատմամբ պետության անհանգստությունը փարատող առաջարկություններ են արվել։

«Ակոս»-ը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ պատրիարքի ընտրության դերակատարները հանդիպում են նահանգապետի հետ հենց այն ժամանակ, երբ պատրիարքի տեղապահ արք, Բեքչյանը գտնվում է Գերմանիայում։

Նշվում է, որ Ստամբուլի նահանգապետի հետ հանդիպմանը մասնակցել են նախկին փոխպատրիարք, արք․ Արամ Աթեշյանը, Պատրիարքարանի կրոնական խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն եւ պատրիարքի ընտրության նախաձեռնող խմբի նախագահ Սարգիս Քուլեգեչը։

Սահակ Մաշալյանը «Ակոս»-ի հետ զրույցում ասել է, թե արք․ Բեքչյանի վերադառնալուց հետո կքննարկի իրավիճակը, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։

Ավելի վաղ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել էր, թե թուրքական իշխանությունների համար արք․ Բեքչյանը անցանկալի թեկնածու է, որից հետո Բեքչյանը պատասխանել էր, թե իշխանությունները հայ խոսնակի կարիք չունեն։

«Ակոս»-ն այս հանդիպումից հետո  հայ մասնակիցների կողմից պետության միջամտությունը ընտրությունների գործընթացին նորմալ ընդունելը տարիօրինակ է համարել։