ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին:
ԿԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ կարեւորելով Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան գործունեությունը հայ-հնդկական կրթական համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ առկա է մեծ ներուժ այդ շրջանակը տարբեր ուղղություններով ընդլայնելու համար: Այդ համատեքստում Լեւոն Մկրտչյանն անդրադարձել է ինժեներական եւ տեխնոլոգիական մասնագիտությունների գծով հնդիկ ուսանողների ներգավման խնդրին, մասնավորապես դիտարկվել է ԵՊՀ-ում, ՀՊՃՀ-ում եւ Հայ-ռուսական համալսարանում կրթության կազմակերպաման հնարավորությունը:
Ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ համագործակցության հնարավորությունը դիտարկվել է նաեւ նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում, մասնավորապես քննարկվել է հնդկական կողմի աջակցությամբ համատեղ ուսումնական հաստատություն հիմնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձել է նաեւ գիտության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ուղղությամբ գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությանը:
Իր հերթին դեսպան Յոգեշվարը, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթության համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման եւ կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ աշխատանքային մի շարք հարցեր:




























