Գերմանացի իրավապաշտպան Պետեր Շթոյդթների ազատումը հնարավոր է դարձել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի գաղտնի առաքելության շնորհիվ։ Der Spiegel–ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Շրյոդերը  հանդիպել է Էրդողանի հետ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի խնդրանքով եւ Անգելա Մերկելի գիտությամբ։

«Գերմանիայում խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց նախկին կանցլեր Շրյոդերը հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրա այցելության նպատակն է եղել Թուրքիայում  կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիներ Դենիզ Յուսելին, Մեսալե Թոլուին եւ Պետեր Շթոյդթներին ազատելը»,– ասված է հոդվածում։

Աղբյուրների փոխանցմամբ՝ համապատասխան խնդրանքով իր կուսակցին էր դիմել Սոցիալ–դեմոկրատական կուսակցության անդամ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը։ Ստամբուլում հանդիպումն հաջող էր անցել, հավանաբար գործն արագ էր ընթացել իրավապաշտպանի հարցով։ Դատարանը չեղարկել էր Շթոյդթների կալանքը առանց որեւէ պայմանի։ Շրյոդերը պահանջել էր, որ Էրդողանի հետ իրենց զրույցն ընթանա ոչ թե որպես մասնավոր դեմք, այլ կառավարության ներկայացուցիչ։ Նախկին կանցլերի կարծիքով միայն այդպես է նա կարողացել Թուրքիայի  նախագահի հետ բանակցել հեղինակության դիրքերից։