Եվրամիությունը «թուրքական խնդիր» ունի, որը ոչ մի տեղ չի կորչում, գրում է The Wall Street Journal-ը: Թերթի փոխանցմամբ՝ շատ եվրոպական առաջնորդներ ուզում են պատժել երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, բայց ԵՄ-ն նաեւ ուզում է պահել Թուրքիայի հետ հարաբերությունները:

Թուրք առաջնորդին Եվրոպայում քննադատում են ժողովրդավարության  «թուլացման», լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ գործողությունների եւ իշխանությունն իր ձեռքում  կենտրոնացնելու համար:

Անկարայի դեմ տնտեսական ու քաղաքական միջոցներ ձեռնարկելու, ընդհուպ՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցման համար եվրոպական մի շարք գործիչների, այդ թվում նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա ճնշում են գործադրում հենց իրենց սեփական երկրի ներսում: 

ԵՄ բոլոր առաջնորդները, հրապարակային կամ անհատական կարգով, իրենց անհանգստությունն են արտահայտել մարդու իրավունքների եւ Թուրքիայում օրենքի գերակայության իրավիճակի շուրջ, բայց նրանք ԵՄ արձագանքի հետ կապված միասնական կարծիք չունեն, հավաստում են եվրոպական պաշտոնատար անձինք եւ դիվանագետները, փոխանցում է Gazeta-ն: