Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ժորա Եսայանի ընտանիքը վագոն-տնակում է ապրում՝ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում:
Ժորա Եսայանի մայրը՝ Մարինե Հակոբյանը, պատմեց, որ դիմել են մարզպետարանին, սակայն, այնտեղից պարզաբանել են, թե բնակարանով ապահովել չեն կարող, քանի որ օրենքով չի հասնում:
«Տղայիս նկարը վագոն-տնակում է կախված: Մեզ ասում են, որ բնակարան չի հասնում, որովհետեւ զոհվելուց հինգ տարի առաջ անշարժ գույք վաճառած չպետք է լինեինք: Բայց ոչ թե մեր անշարժ գույքն ենք վաճառել, այլ ամուսնուս հայրական տունն են վաճառել ու գումարը բաժանել ամուսնուս, տեգորս ու տալիս միջեւ… եթե ես 5 տարի առաջ իմանայի, որ տղաս զոհվելու ա, չէի թողնի գնար ծառայության»,- ասաց Մարինե Հակոբյանը:
Եսայանների ընտանիքն իրեն ուժերով սկսել է տան կառուցումը:
Նշենք, որ Ժորա Եսայանը երկու եղբայր ունի: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ժորայի եղբայրը նույնպես ծառայում էր Արցախում, դեպքից հետո նա ծառայության էր անցել արդեն Էջմիածնում:





























