ՀՀ Արարատի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին՝ Արամայիս Գրիգորյանը զեկուցել է, որ գյուղացիական տնտեսությունների եւ մշակովի հողատարածքների խոշորացման գործընթացի արդյունքում խոշոր հողակտորներ /5հա եւ ավելի/ ունեցող գյուղացիական տնտեսությունների թիվն այս պահի դրությամբ 313 է՝ 2016 թ. 280-ի փոխարեն: Ընթացքի մեջ են Վեդու ջրամբարից դեպի շահառու 8 համայնքներ գնացող ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքները, որում ընդգրկված է շուրջ 110 մարդ: ԱՄՆ Միջազգային զարգացման եւ ՄԱԿ-ի գրասենյակների հետ համատեղ աշխատանք է տարվում Հայանիստ համայնքում իրականացված 40 հա հողերի ձկնաբուծարանների հետադարձ ջրերով ոռոգման պիլոտային ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Գյուղացիական տնտեսություններին ներկայացվել են գյուղտեխնիկայի ձեռքբերման նպատակով պետության կողմից իրականացվող նպատակային սուբսիդավորման ծրագրերը. Արդյունքում, 2017 թ. հոկտեմբերի դրությամբ, մարզի Այնթափ, Վանաշեն, Ուրցաձոր, Սուրենավան, Հովտաշատ, Ազատավան համայնքների կողմից ձեռք է բերվել 10 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով մասնավոր ընկերությունների կողմից մարզի մի շարք համայնքներում իրականացվում են շուրջ 5000 քմ նոր ջերմոցային տնտեսությունների (լոլիկի եւ վարունգի արտադրություն) եւ 3500 քմ ինտենսիվ այգիների կառուցման աշխատանքներ:
Խոսելով ներդրումային ծրագրերի մասին՝ Արարատի մարզպետը նշել է, որ ներդրումների ընդհանուր ծավալը մարզում կազմում է 72 միլիարդ դրամ՝ եւ´ պետական ծրագրերով, եւ´ դոնոր կազմակերպությունների, եւ´ մասնավոր հատվածի կողմից: Մինչեւ տարեվերջ ներդրումները լիարժեք տեսանելի կլինեն, եւ արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա 600-700-ով: Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ ներդրումների աճ է արձանագրվել՝ մոտավորապես 60 մլրդ դրամի չափով: Ամենախոշորը Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման ներդրումային ծրագիրն է, որի իրականացման արդյունքում ինքնահոս համակարգով լիարժեք կոռոգվի 4 հա տարածք, եւ գյուղացիական տնտեսությունները խնդիր չեն ունենա: Ոռոգման ջրի պահանջարկը բավարարելու եւ գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու նպատակով կառուցվում է նաեւ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը, որը 12 համայնքի ոռոգման ջրի մեխանիկական համակարգը կփոխարինի ինքնահոսով՝ խնայելով 436 մլն դրամի էլեկտրաէներգիա եւ 24 մլն դրամ պոմպակայանի շահագործման ծախսեր՝ ոռոգելով 1300 հա հողատարածք՝ նախկին 854 հա փոխարեն:
Ըստ վարչապետի հանձնարարականի՝ մարզպետի կողմից հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ. Արարատի մարզը պետական բյուջեի մեջ սեփական եկամուտները 20 տոկոսով ավելացնելու պարտավորություն է վերցրել, բայց 2017 թ. առաջին 10 ամսվա արդյունքներով աճը կազմել է 23.5 տոկոս: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ հաշվի առնելով այս տեմպը՝ մինչեւ տարեվերջ մարզը կկարողանա գերակատարել սեփական եկամուտների կատարողականը:
Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ Արամայիս Գրիգորյանը նշել է, որ մարզի համայնքներում առկա 260-ից աղբավայրերից մնացել է 19 խոշոր աղբավայր, հաշվառված 3500 իրավաբանական անձանցից պայմանագիր է կնքվել 2000-ի հետ, եւ աշխատանքները շարունակական ընթացք են կրում: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, արդյունքները բավարար չի համարել, եւ որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:
Մարզպետը նշել է, որ Արարատի մարզու զբոսաշրջությունը խթանելու նպատակով ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից իրականացվելու է Խոր Վիրապի վանքի հարեւանությամբ դիտահարթակի եւ այցելուների զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրը: 2017 թ. տարեկան աշխատանքային ծրագրով իրականացվում են նաեւ մարքեթինգի եւ զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանն ուղղված միջոցառումներ:




























