ԱՄՆ-ն երբեք չի համաձայնվի Հյուսիսային Կորեայի ռազմական միջուկային տերության կարգավիճակին: Այս մասին Սեուլում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային զենքի զարգացման ագրեսիվ ծրագրերը խափանում են այս մեկուսացված երկրի անվտանգությունը, այլ ոչ թե ապահովում այն: Մեթիսը Փհենյանին զգուշացրել է, որ նրա ռազմական հզորությունները համեմատելի չեն Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի դաշնակցային հնարավորությունների հետ: «Մի՛ կատարեք սխալ, Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների վրա ցանկացած հարձակում ձեզ պարտություն կբերի, իսկ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ցանկացած օգտագործմանը կհետեւի ռազմական զանգվածային հարձակումը, որն արդյունավետ եւ ճնշող կլինի»,- զգուշացրել է Մեթիսը:

Պենտագոնի ղեկավարը եւս մեկ անգամ կրկնել է այն, ինչ ասել էր Ասիայի երկրներում իր մեկշաբաթյա շրջագայության ընթացքում՝ Հյուսիսային Կորեայի հետ աշխատանքում դիվանագիտությունը նախընտրելի ճանապարհն է: