Կատալոնիայի ղեկավարությունը չի ճանաչում Մադրիդի որոշումները ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնի հրաժարականի եւ շրջանային խորհրդարանը լուծարելու մասին՝ վերջինի կողմից անկախ հանրապետություն հռչակելուց հետո: Հոկտեմբերի 29-ին այս մասին Կատալոնիայի փոխվարչապետ Օրիոլ Ժունկերասը նշել է բարսելոնական El Punt Avui պարբերականում հրապարակված հոդվածում: 

Նա ընդգծել է, որ Բարսելոնում Մադրիդի որոշումները ժողովրդավարության սկզբունքներին հակասող են համարում եւ հրաժարվում են դրանց ենթարկվել: «Մենք չենք կարող ընդունել ո՛չ Կատալոնիայի դեմ պետական հեղաշրջումը, ո՛չ հակաժողովրդավարական որոշումները, որոնք ընդունում է Ժողովրդական կուսակցությունը Մադրիդի հեռավոր կառավարման միջոցով»,- նշել է քաղաքական գործիչը:

Ժունկերասի խոսքով՝ չնայած Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հայտարարությանը, Կատալոնիայի Ժեներալիտատը եւ խորհրդարանը շարունակում են իրենց լիազորություններն իրականացնել: Նա ասել է, որ Կատալոնիայի անկախ հանրապետությունը հռչակվել է, եւ սա կատարված փաստ է:

«Կատալոնիայի հանրապետությունը գուցե այքան ուժեղ չծնվեց, ինչպես մենք կուզեինք, սակայն լեգիտիմություն ունի, որը ստացել է ինչպես խորհրդարանական ընտրություններում քվեարկության ժամանակ, որն անցել է պատմության մեջ առավելագույն մասնակցությամբ, այնպես էլ հերոսական հանրաքվեին, որն անցկացվել է քաղաքացիական հասարակության կողմից»,- նշել է քաղաքական գործիչը:

Ժունկերասը հավելել է, որ առաջիկայում հեռանալուց հրաժարված Կատալոնայի ղեկավարությունը նոր քայլեր կձեռնարկի՝ ուղղված հռչակված հանրապետության կոնսոլիդացմանը: «Առաջիկա օրերին մենք պետք է մի շարք որոշումներ ընդունենք, որոնք պարզապես ոչ միշտ հնարավոր կլինի հասկանալ»,- նշել է նա: