Պարսից ծոցի երկրները Կատարի հետ առճակատման մեջ են նրա անկախ դիրքորոշման պատճառով եւ ձգտում են երկրում ռեժիմի փոփոխության, բայց Կատարն իր անկախությունից երբեք չի հրաժարվի, չնայած ճգնաժամի կարգավորման ցանկություն ունի: Այս մասին հայտարարել է Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նրանց դուր չի գալիս մեր անկախությունը, տարածաշրջանի զարգացման վերաբերյալ մեր սեփական կարծիքը»,- ասել է նա ամերիկյան CBS-ի «60 րոպե» ծրագրի շրջանակում տեղի ունեցած հարցազրույցում:

Նրա խոսքով՝ իր ընդդիմախոսներին, մասնավորապես, դուր չի գալիս ժողովրդավարության ձգտելը, որ Կատարն աջակցում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին: «Սակայն մենք «Ալ Ջազիրան» չենք փակի… Մենք ցանկանում ենք, որ սա ավարտվի, շատ ենք ցանկանում, սակայն մենք մեր անկախությունից չենք հրաժարվի»,- ասել է նա:

Հարցին՝ Պարսից ծոցի երկրները ռեժիմի փոփոխություն ցանկանո՞ւմ են, Ալ Թանին պատասխանել է. «Այո, նրանք ռեժիմի փոփոխություն են ցանկանում»: