Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը պարբերաբար կհետեւի իշխանի բուծարանի շրջանում Սեւանի աղտոտվածության մակարդակին: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուղ Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ վերջին 2 տարիներին կենտրոնը գնահատել է լճում մաքրության բազային մակարդակը, որ հնարավոր լինի ապագայում հնարավոր աղտոտվածությունն ինչ-որ բանի հետ համեմատել: Այդ ժամանակ կհստակվի՝ դա առաջացրել է բուծարանը, թե ինչ-որ այլ բան: «Մենք հրահանգներ ենք տվել, թե որքան հաճախ կեր տան, որպեսզի դրանց ավելցուկը հատակին չնստի, եւ այն մասին, թե որտեղ դնեն ձկնկիթը, որ արտադրվող ձկները մի տեղ չկուտակվեն, այլ տարածվեն»,- նշեց Գաբրիելյանը:
Կարեւոր է նաեւ այն, որ շերեփուկների մի մասը (25 տոկոս) տնտեսությունը կլցնի լիճը, որ վերականգնի իշխանի պոպուլյացիան: Հիմա այն լճում շատ ավելի քիչ է, քան խորհրդային տարիներին: Իսկ որքան ձկները շատ են, այնքան սննդային շղթան՝ ֆիտոպլանկտոն-զոոպլանկտոն-ձուկ նորմալ է գործում: Այդ ժամանակ լճում կկուտակվի միկրոֆլորայի եւ ֆաունայի ավելցուկ, հավելեց գիտնականը:
Շատ կարեւոր է նաեւ այն, որ վերարտադրության համար ընտրել ենք գենետիկորեն մաքուր առանձնյակներ: Իշխանի շերեփուկները, որոնց պետական ծրագրով լիճն են լցրել, գնել են ձկնաբուծական տնտեսություններից: Սակայն ձկնաբույծներին, որոնք պրակտիկ մարդիկ են, գենետիկան քիչ էր հետաքրքրում: Այդ պատճառով լճում մեծ թվով հիբրիդներ էին հայտնվում: «Սակայն ինքներդ եք հասկանում, որ լճի համար դա կարեւոր է: Եվ շեղումները բավականին զգալի էին: Այս պատճառով ընտրասերմամբ ընտրվեցին ամենանույնական առանձնյակները: Դրանք հետագայում կմաքրեն ընդհանուր պոպուլյացիայի գենետիկան»,- եզրափակեց Բարդուղ Գաբրիելյանը:
Ծրագիրն իրականացնում է Սեւանա լճի պաշարների վերականգնման հիմնադրամը: 2013 թվականից ծրագրին բյուջեից 9 մլրդ դրամ է հատկացվել (պետությունն առայժմ մասնավոր ներդրողների չի սպասում): Նախատեսված է 2024 – 2025 թվականներին ներդնել եւս 35 մլրդ դրամ (գրեթե 75 մլն դոլար) եւ արտադրողականությունը հասցնել տարեկան մինչեւ 50 հազար տոննայի՝ ապահովելով 2-2,5 հազար աշխատատեղեր ձեռնարկություններում եւ նույնքան էլ՝ դրանց շուրջ: Մտադիր են արտադրանքի 80-90 տոկոսն արտահանել:




























