2018 թվականի բյուջեն հիմնականում լինելու է տնտեսական վիճակը կայունացնող, ինչը հետագա զարգացման համար հիմք կստեղծի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ իր գնահատմամբ կառավարությունը բավականին համարձակ է գործում:

Նրա խոսքով, բյուջեի քննարկումների նոր համակարգը յուրաքանչյուր խորհրդարանական հանձնաժողովին տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու հնարավորություն է տվել. «Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը 2018 թվականի առողջապահության բյուջեի ձեւավորման վերաբերյալ երկու նիստ է անցկացրել: Ինձ համար վերջին տարիներին բյուջեի կարևոր ցուցանիշ է եղել ընթացիկ և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը», - ասել է Վարդանյանը՝ նշելով, որ հիմնական ծախսերի բաժինը վերջին տարիներին նվազել է:

Հաջորդ տարի, ըստ Վարդանյանի, պետական բյուջեն նախատեսում են 100 մլրդ դրամով ավելացնել, որից 70 մլրդ-ն հիմնական ծախսերին կուղղվի: Առանց դրա, Վարդանյանի կարծիքով, անհնար է պետության զարգացումն ակնկալել:

Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ կառավարությունը խոստովանել է՝ այս եւ եկող տարիները հիմնականում տնտեսական իրավիճակը կայունացնող են լինելու, որոնք հիմք կստեղծեն հետագա տարիների զարգացման համար և տնտեսական աճի այնպիսի տոկոսների, որոնք հնարավորություն կտան հիմնարար խնդիրներին մոտենալ։

Դիտարկմանը, որ, փաստորեն, գալիք տարի եւս թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում պետք չէ ակնկալել,  Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ դա հնարավոր է միայն 5 եւ ավելի տնտեսական աճ ապահովելու դեպքում. «Բյուջեում նման բան նախատեսված չէ և բնական է՝ չենք ակնկալելու»:

Նշենք, որ այսօր խորհրդարանում «2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ 2018-ի համար ակնկալվում է 4.5 տոկոս աճ, իսկ այս տարին նախատեսվում է փակել 4-4.3 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով։