Երևանում բացվել է Հայաստանում առաջին Zara Home խանութը, որը մտնում է իսպանական վիթխարի Inditex Group ընտանիքի մեջ: Աշխարհի ամենախոշոր տեքստիլ հոլդինգներից մեկին են պատկանում նաև Zara-ն, Pull & Bear-ը, Massimo Dutti-ն, Bershka-ն, Stradivarius-ը, Oysho-ն: Խանութը զբաղեցնում է ավելի քան 500 քառ. մետր տարածք՝ ամփոփելով ապրանքանիշի ամբողջական հավաքածուն՝ ներառյալ նաև Zara Home Kids մանկական հավաքածուն (ֆոտոռեպորտաժ):
Իսպանական Zara ապրանքանիշը Երևանի բնակիչներին հրաշալի հայտնի է: Հիմա հագուստի լայն հատվածին կավելանան այս ապրանքանիշի դեկորի իրեր, սպասք, տեքստիլ, լոգարանի, ննջասենյակի աքսեսուարներ, տնային հագուստ և կոշկեղեն: Zara Home-ը ներկայացնում է ինտերիերի դիզայնի համաշխարհային բոլոր թրենդները՝ ցանկացած ճաշակի և գույնի նրբագեղ ու պերճաշուք ոճ, սկանդինավյան ասկետականություն և արևելյան խայտաբղետ թեմաներ:
«Ավելի քան 2 տարի տևած երկարատև բանակցություններից, որոշ փոխզիջումներից և ներդրումներից հետո մեզ հաջողվեց իրականացնել ամբողջ աշխարհում հայտնի Zara Home ապրանքանիշի բացումը: Վերջապես մենք կարող ենք պարծենալ, որ երկրում առաջին և միակ խանութը բացվել է հենց Yerevan Mall առևտրի կենտրոնում: Zara Home խանութում ներկայացված են տան համար նախատեսված դեկորի ոլորտի վերջին միտումները: Այստեղ կարելի է ամեն ինչ գտնել գեղեցիկ, հարմարավետ և ոճային ինտերիեր ձևավորելու համար»,- հայտնեց Yerevan Mall առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը:
Խանութի բացման արարողությանը մասնակցելու համար Իսպանիայից հատուկ հյուր է ժամանել՝ «Միսս Աշխարհ 2015» Միրեյա Լալագունան, որը դարձել է Zara Home-ի դեսպանը և կտրել կարմիր ժապավենը: Նա խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվել և ներկայացնել համաշխարհային հռչակ ունեցող բարձրորակ ապրանքանիշը:
Սաուդյան Արաբիայում, Միջին Ասիայում և Կովկասում Zara-ի և Inditex Group-ի գլխավոր գործադիր տնօրեն Յասին Սիբարին ասաց. «Մի քանի տարի է՝ իսպանական հագուստը հայտնի է հայ բնակչության շրջանում: Մենք համոզված են, որ Հայաստանի բնակիչներին Zara Home-ն անպայման դուր կգա որակի, մատչելի գների և ոճային լուծումների շնորհիվ: Ամբողջ տարվա ընթացքում Zara Home-ի տեսականին ամեն շաբաթ թարմացվում է, ինչը չի կարող այցելուներին չուրախացնել»:
Zara Home-ը ապրանքների մեջ ներկայացնում է տան նորաձևության նոր ուղղություն, վերջին միտումներ, երաշխավորված որակ և մատչելի գներ: Zara Home-ի արտադրանքը ներկայացված է աշխարի 70 երկրների ավելի քան 500 խանութներում:




























