Կատարը պատրաստ է մասնակցել ԱՄՆ-ում արաբական «քառյակի» հետ բանակցություններին, որը Դոհայի հետ հարաբերությունները խզել է, սակայն «քառյակը» դեռեւս չի արձագանքել առաջարկին: Այս մասին CBS-ի հետ հարցազրույցում նշել է Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին:

Հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը Կատարի հետ դիվանագիտական հարաբոերությունները խզել են՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ նրա հետ ամեն կարգի հաղորդակցությունները դադարեցրել են: Կատարի չի պատասխանել «քառյակի» պահանջներին, եւ կողմերն առայժմ չեն կարողացել երկխոսություն սկսել:

«Ես հանդիպել եմ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, երբ մի քանի շաբաթ առաջ Նյու Յորքում էի՝ ՄԱԿ-ում, եւ նա ինձ ցույց տվեց, որ տրամադրված է այս ճգնաժամի կարգավորումը գտնելու համար, նա մեզ առաջարկեց գալ: Ես անմիջապես ասացի. «Մենք պատրաստ ենք, պարոն նախագահ», ես երկխոսության մասին եմ խնդրում ճգնաժամի առաջին օրվանից»,- ասել է էմիրը ամերիկյան հեռուստաալիքին:

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը եւ ԱՄԷ-ն ոչ մի ձեւով չեն արձագանքել ԱՄՆ նախագահի առաջարկին: Նրա խոսքով՝ հանդիպումը պետք է շատ արագ տեղի ունենար:

Կիրակի Բահրեյնի ԱԳ նախարար Հալեդ բեն Ահմեդ Ալ Խալիֆան առաջարկել է սառեցնել Կատարի անդամակցությունը Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդին: