Իսպանիայի կառավարության որոշմամբ պաշտոնանկ արված որոշ կատալոնացի քաղաքական գործիչներ առավոտյան աշխատանքի են դուրս եկել, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին:

Տարածքների խորհրդի նախագահ Ժոզեպ Ռուլը սոցցանցերում իր աշխատասենյակից լուսանկար է հրապարակել. «Աշխատասենյակում՝ կատարելով Կատալոնիայի ժողովրդի հանձնարարած պարտականությունները»,- Twitter-ում գրել է նա՝ ավելացնելով «շարունակում ենք» հեշթեգը:

Դրանից հետո նրա աշխատասենյակ են բարձրացել Կատալոնիայի իրավապահ մարմինների՝ Mossos d'Esquadra-ի երկու աշխատակից եւ հայտնել, որ Ռուլն իր գործողություններով «իրավասությունների ապօրինի յուրացում» հոդվածի խախտում է կատարում:

Որոշ ժամանակ անց Ռուլը դուրս է եկել շենքից եւ Կատալոնիայի ժողովրդավարական կուսակցության Ազգային հանձնաժողովի հանդիպման է գնացել: 

Խորհրդարան է եկել խոսնակ Կարմե Ֆորկադելը: Twitter-ում նա համապատաստան տեսանյութ է հրապարակել՝ գրելով «շարունակում ենք աշխատել»:

Նշենք, սակայն, Ֆորկադելը պաշտոնապես իր պաշտոնում կլինի մինչեւ դեկտեմբերի 21-ի վաղաժամ ընտրությունների անցկացումը: