Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հոկտեմբերի 31-ին կմեկնարկի «Քոչարի» ժողովրդական պարերի 1-ին համահայկական փառատոնը, որին կմասնակցեն Հանրապետության մարզերի եւ համայնքների երկու տասնյակից ավելի պարախմբեր:
Համաձայն փառատոնի կանոնակարգի մասնակից պարային համույթները երկու տարիքային խմբերում /10-ից 16, 16 եւ ավելի բարձր/ կարող են ներկայանալ երկու՝
1. Ժողովրդա-բեմադրական «Քոչարի»
2. Ազգային ավանդական «Քոչարի»:
Չափազանց մեծ է խմբապարի որոշիչ դերը ազգային հոգեբանության եւ բարոյական մնայուն արժեքների ձեւավորման գործում եւ սկիզբ առնելով դեռեւս նախաքրիստոնեական շրջանում, անցնելով հասարակական տարբեր ֆորմացիաներով՝ «Քոչարին» մեզ է հասել ճշգրտորեն պահպանված, ամբողջական կառուցվածքով, ձեւերի մշակվածությամբ, բովանդակությամբ ու արտահայտչականության ուրույն դիմագծով:
Հայ ժողովուրդը թե´ կատարումներով եւ թե´ նկարագրությունների ձեւով մեզ է հասցրել «Քոչարի» պարի մոտ 50 տարբերակ, որոնց պահպանումը, փոխանցումը եւ տարածումը մշակութային քաղաքականության մաս է կազմում, որոնց ուսումնասիրությամբ է միայն հնարավոր ամբողջական պատկերացում կազմել մեր բազմադարյան նմանողական պարարվեստի մասին:
«Քոչարի» համահայկական պարի փառատոնը կոչված է այդ հնագույն պարի միջոցով արտահայտելու մեր ազգային հոգեւոր եւ ֆիզիկական միասնությունը, մեր հոգեւոր եւ նյութական ահռելի ժառանգությունը, որի կրողը հազարամյակներ շարունակ եղել է բացառապես հայ ժողովուրդը: Մեր պատմական հայրենիքի գավառներում եւ ներկայիս Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում «Քոչարին» եղել եւ մնում է ամենատարածված պարը: Որպես պատմամշակութային արժեք եւ հարստություն, այն դարերի ընթացքում սերնդեսերունդ փոխանցվել է եւ դարձել հոգեւոր ժառանգություն, ազգային կենցաղի եւ մտածողության անբաժան մաս: Այսօր, երբ մեր հոգեւոր եւ նյութական ահռելի ժառանգությունից դարեր շարունակ սնվել են անհայրենիք քոչվոր ցեղերն ու ազգերը, չափազանց կարեւոր է հանրահռչակել եւ տեր կանգնել մեր պատմական հոգեւոր եւ նյութական ժառանգությանը:
«Քոչարին» իր տարատեսակներով ու բազմազանությամբ նման է հայոց բարբառներին, որոնք իրենց հնչողությամբ ու արտասանությամբ տարբերվում են իրաիրց, սակայն բոլորի հիմքում հնագույն հայերենն է:
Այդպիսին է նաեւ «Քոչարի» պարը, որն իր բազմազանությամբ եւ տարածվածությամբ դարձել է մեր ինքնության խորհրդանիշը, մեր ազգային բնավորության եւ հոգեկերտվածքի արտահայտիչը:
Ծիրանափողից հնչող պարի մեղեդին, թմբուկի համաչափ զարկերը, միաշարք պարողների պարաքայլերի միասնականությունը, ձեռքերի ամուր հյուսվածքն ու զսպանականման ծունկկոտրուկները մեզ տանում են նախապատմական ժամանակներ, երբ Ցուլի եւ Խոյի պաշտամունքային ծեսերը հայ ազգի միասնության հիմքերն էր ամրացնում: Դա է պատճառը, որ «Քոչարին» ամենասիրված եւ տարածված պարն է եղել եւ մնում հայոց մեջ, եղել է մեր պատմական հիշողության եւ ոգեղեն էության արտահայտիչն ու կրողը դարեր շարունակ:




























