ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր՝ հունվարի 30-ին, մասնակցել են  ԵՄ TAIEX գործիքի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են PEER REVIEW խմբի եվրոպացի փորձագետների կողմից՝ Հայաստանում դատական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաեւ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները՝ դրանցից որոշները 2018-2022 թվականների  Իրավական եւ դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրում ներառելու նպատակով։

Գործնական քննարկմանը մասնակցել են դատավորներ, ԵՄ անդամ երկրներից ժամանած փորձագետներ, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Դավիթ Հարությունյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին եւ  շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված  շարունակական աջակցության համար:

Նախարարը կարեւորել է TAIEX գործիքի շրջանակում եվրոպացի փորձագետների հետ համատեղ իրականացված աշխատանքը եւ նշել, որ դրանք կատարվել են շատ ճիշտ ժամակահատվածում, երբ Հայաստանը, Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված,  կանգնած է լուրջ բարեփոխումների ճանապարհին:

Նախարարի խոսքով, ծրագրի արդյունքները՝ զեկույցները եւ դրանցում տեղ գտած առաջարկությունները, հնարավորություն են տվել մշակելու ապացույցների վրա հիմնված ռազմավարական ծրագիր եւ դրանում ներդնել մոնիթորինգի եւ առաջընթացի գնահատման հստակ մեխանիզմ:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, արդարադատության ոլորտի բարեփոխման ուղղությամբ գործադրված ջանքերի, կառուցողական երկխոսության եւ շահգրգիռ բոլոր կողմերի հետ բաց ու արդյունավետ համագործակցության համար:

Դեսպանի խոսքով, ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունը հինգ ուղղություններով է ընթանում՝ դատական համակարգի անկախության ամրապնդում, կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ գործիքների ներդրում, արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացում, դատարանների կառավարման համակարգի կատարելագործում եւ միջազգային առաջարկների կիրառումը՝ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման հարցում:  Դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կունենա ոչ միայն առաջնահերթ ոլորտների բարելավանն ուղղված լավ ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր, այլեւ, իրապես, լավ արդյունքներ:

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում Դանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Շվեդիայի փորձագետները հանդես կգան զեկույցներով եւ առաջարկներով՝ ուղղված դատական եւ քրեակատարողական համակարգերի զարգացմանը: