ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը եւ նրա երբեմնի գործընկեր Ռիկ Գեյթսը ԱՄՆ դաշնային իշխանությունների առջեւ պատասխան կտան հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության շրջանակում, որը քննում է Ռուսաաստանի հետ Թրամփի նախընտրական թիմի կապերի փաստը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թերթի աղբյուրները հայտնում են, որ Մանաֆորթին մեղադրում են ֆինանսական խարդախությունների եւ հարկերից խուսափելու մեջ։ Մյուլլերը հետաքննություն է վարում հարցերի լայն շրջանակի շուրջ, որոնք առաջին հերթին վերաբերում են ԱՄՆ նախագահական ընտրարշավին Մոսկվայի միջամտությանը։ CNN-ի փոխանցմամբ՝ հետաքննություններից մեկի շրջանակում արդեն առաջին մեղադրանքներն են ներկայացվել։

Մանաֆորթը 2016 թվականին Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարն էր, սակայն ազատվել էր աշխատանքից այն բանից հետո, երբ Կիեւը նրան մեղադրել էր 2007-2012թթ․ Յանուկովիչի աշխատակազմից  խոշոր գումար ստանալու մեջ։ Բացի այդ, նրան կասկածում են Թրամփի օգնականների եւ ՌԴ ներկայացուցիչների միջեւ ենթադրյալ կապերի անմիջական մասնակիցը լինելու մեջ։