Իրաքի դաշնային կառավարությունը եւ Քրդական ինքնավարության իշխանությունները մասամբ համաձայնեցրել  են սահմանապահ կետերի եւ վիճելի շրջանների համատեղ կառավարումը, հայտնում է Shafaq news-ը։

Գործակալության տեղեկություններով՝ Իրաքի ԶՈւ հրամանատարության ու փեշմարգայի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել մի շարք կետերով։ Կայքի աղբյուրները հայտնում են, որ Բաղդադն ու Էրբիլը կարգավորել են Իրաքի, Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին «Ֆիշ Խաբուր» ռազմավարական սահմանային անցակետի փոխանցման հարցը։  Այս շրջանում միանում են 2 խողովակաշարեր, որոնցով Իրաքի նավթը հյուսիսային հանքավայրերից հոսում է թուրքական  Ջեյհան տերմինալով Միջերկրական ծով։ Այսուհետ հսկիչ անցակետում տեղակայվելու են իրաքցի սահմանապահներ, փեշմարգայի մարտիկներ եւ ԱՄՆ զինծառայողներ։