2018 թվականին Հայաստանի բյուջեն կարճաժամկետ ընթացքում հարկերի հավաքման ոչ մեծ պակաս կունենա, սակայն հետո դա կփոխհատուցի: Հոկտեմբերի 30-ին ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս:

Մասնավորապես՝ 2017 թվականին կառավարությունը բիզնեսին աջակցելու նոր միջոցառումներ է ընդունել: 2017-ի հուլիսի 1-ից հետադարձ ուժի մեջ է մտնում ԱԱՀ-ի վճարման բարեփոխումը: Հիմա դրա ավելցուկային դեբետը (եթե գնումներն ավելի շատ են, քան վաճառքը) բիզնեսը կարող է հետ ստանալ յուրաքանչյուր կիսամյակ եւ դուրս գրել այլ հարկերից: Սա կբերի հարկերի հավաքման ժամանակավոր պակասի՝ 4-4,5 մլրդ դրամ (մոտ 9 մլն դոլար), որը, սակայն, հետո կլրացվի:  

2018 թվականից ծրագրվում է գործողության մեջ դնել արտադրական սարքավորման եւ հումքի արագացված ամորտիզացիան: Ներդրողը կկարողանա (ցանկության դեպքում) դրանց արժեքը առաջին իսկ տարում հաշվանցել շահութահարկի բազայից: Բնականաբար, սա կկրճատի նաեւ շահութահարկից ստացվող մուտքերը: «Սակայն արդեն 2-3 տարի հետո այս միջոցները կփոխհատուցվեն՝ այն չափով, թե ներդրումային ծրագրերն ինչպես կծավալվեն»,- հավելեց Արամյանը: Նա նշեց, որ 2018 թվականին ներդրումների աճը մեծ չի լինի, բայց կգերազանցի ՀՆԱ-ի նվազագույն աճին (8,5 – 9 տոկոս ընդդեմ 8 տոկոսի):