ԱՄՆ-ը բարձր է գնահատել Իրաքի Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի որոշումը՝ նոյեմբերի 1-ին՝ լիազորություններն ավարտելուց հետո, հեռանալ պաշտոնից:

«Նախագահ Բարզանին պատմական դեմք է եւ իր ժողովրդի ուժեղ առաջնորդը: Այդ որոշումը բարդ ժամանակներում  պետական կառավարման ակտ է », -ասված է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն անհամբերությամբ է սպասում բանակցություններում Իրաքի Քուրդիստանի վարչապետ Նեճիրվան Բարզանիի եւ իր տեղակալ Կուբաթ Թալաբանիի ակտիվ մասնակցությանը: Ուժեղ Իրաքի Քուրդիստանը «միասնական ու դաշնային Իրաքի շրջանակներում կարեւոր նշանակություն ունի՝ իր երկարատեւ կայունության ու ԻՊ երկարաժամկետ պարտության համար: Մենք կոչ ենք անում բոլոր քրդերին սատարել կառավարությանը:

Մենք կոչ ենք անում Իրաքի ու Իրաքի Քուրդիստանի կառավարություններին իրենց նոր ղեկավարության ներքո սկսել աշխատանքները խնդիրների լուծման շուրջ՝ համաձայն Իրաքի Սահմանադրության:

Մենք նաեւ շարունակում ենք սատարել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիին, քանի որ նա աշխատում է ապահովել ԻՊ լիակատար ու կայուն պարտությունը: Մենք սատարում ենք  Հայդեր ալ Աբադիի վերջերս կայացրած որոշումը՝ Էրբիլի հետ նոր երկխոսություն սկսելու մասին՝ համաձայն Իրաքի Սահմանադրության, հետագա բախումներից խուսափելու համար:

Մենք շարունակելու ենք աշխատել բոլոր կողմերի հետ: Ժամանակն է, որ բոլոր կողմերն էլ նայեն ապագային ու կենտրոնանան վեճերի  խաղաղ հանգուցալուծման վրա՝ համաձայն Իրաքի Սահմանադրության»: