ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների եւս մեկ ցուցակ է պատրաստել՝ կապված Հյուսիսային Կորեայի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Երկուշաբթի Սենատում ընթացած լսումներում Թիլերսոնին հարցրել են՝ ամերիկյան պատժամիջոցներ կսահմանվե՞ն չինական մեծ թվով ընկերությունների դեմ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար:
«Կան լրացուցիչ պատժամիջոցային թիրախներ, որոնք որոշել է Ֆինանսների նախարարությունը»,- պատասխանել է պետքարտուղարը՝ մանրամասներ չհայտնելով:
Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել հյուսիսկորեական ընկերությունների եւ անձանց դեմ, ինչպես նաեւ երրորդ երկրների ընկերությունների դեմ, որոնք Հյուսիսային Կորեայի հետ համագործակցում են: Պատժամիջոցային այս ցանկում վերջին լրացումները կատարվել էին անցյալ շաբաթ:




























